ՈՒշադրության կենտրոնո՞ւմ են արդյոք ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Ի՞նչ խնդիրներ ունեն թշնամու կրակահերթերի անմիջական վտանգի տակ ապրող մեր հայրենակիցները: Մայրաքաղաքային կյանքի «ատրիբուտները», մշակութային, ժամանցային տարատեսակ միջոցառումները հասնո՞ւմ են արդյոք հեռավոր սահմանապահ շրջաններ:
Զրուցակիցս «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ ՏԻԳՐԱՆ ԱՐԵԳՈՒՆԻՆ է: Նշենք, որ նախաձեռնությունը ձևավորվել է 2014-ի ամռանը` նպատակ ունենալով վեր հանելու սահմանամերձ բնակավայրերում առկա հրատապ խնդիրները, ինչպես նաև հնարավորության սահմաններում հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու այստեղ ապրող մարդկանց առօրյան: Արդեն մեկ տարի է, ինչ սահմանամերձ տարբեր բնակավայրերի բնակիչների համար կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ` թատերական ներկայացումներ, համերգներ, ազգային պարերի բաց դասեր, սպորտլանդիաներ, ազգային խաղեր, էքսկուրսիաներ և այլն: Հնարավորության սահմաններում տեղի դպրոցներին և մանկապարտեզներին նվիրում են տարբեր դիդակտիկ նյութեր, խաղեր, սպորտային գույք, գրենական պիտույքներ, գրքեր և այլն: Նախաձեռնության անդամներն առաջնահերթ այցելում են այն գյուղերը, որոնք ուղիղ նշանառության տակ են. եղել են Վայոց ձորի Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Տավուշի մարզի Դովեղ, Պառավաքար, Ոսկեվան, Բաղանիս, Ներքին Կարմիր աղբյուր, Կոթի, Այգեպար, Չինարի, Բերդավան և այլ գյուղերում:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները օրերս դիմել են ՀՀ վարչապետին` Մարտիրոս գյուղ թեքվող խաչմերուկից մինչև Խնձորուտ և Նոր Ազնաբերդ տանող 12 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար` համոզված լինելով, որ ՀՀ կառավարությունում գիտակցում են դեպի սահմանամերձ գյուղեր տանող ճանապարհների բարեկարգ լինելու կարևորությունը ոչ միայն բնակիչների ապրելակերպի բարելավման, այլև ռազմավարական տեսանկյունից: Նախաձեռնող խումբը խնդրել է նաև միջոցներ ձեռնարկել այդ գյուղերում թեկուզ մեկ համատեղ մշակույթի տուն ունենալու հարցում:
Գյուղերում առկա է նաև աղբահանության խնդիրը: Տիգրան Արեգունին ասաց, որ աղբը լցվում է գետեր, ձորեր, աղբահանություն չի կատարվում. «Իհարկե, չնայած այս ամենին, սահմանապահ բնակավայրերում ամենաառաջնայինը անվտանգության խնդիրն է: Ապաստարաններ պետք է կառուցվեն, և լավ կլինի, հնարավորության դեպքում, դիրքերը առաջ տրվեն, որ գյուղերը կրակի տակ չլինեն: Անցյալ տարի Սեյրան Օհանյանն ասել էր, որ «Մեկ զոհի դիմաց` մեկ դիրք» նշանաբանն է կիրառվելու: Նախիջևանի շրջանում մեր դիրքերը բավականին բարելավվել են, լավ կլիներ, որ Տավուշի կողմից նույնպես առաջ տրվեն և գերակայող դիրքեր վերցնեն բարձունքների վրա, ես մտածում եմ, կարելի է անգամ թուրքական գյուղ ազատագրել»: Խոսքը Կոթի գյուղին կից` սահմանամերձ երկու թուրքական գյուղերի մասին է, որտեղ, զրուցակցիս փոխանցմամբ, տեղի բնակիչները իրենց կառավարության կողմից պատանդի վիճակում են: Նրանց արգելված է լքել բնակավայրը, և այդ մարդիկ հայտնվել են երկու կրակի արանքում:
«Եթե գյուղը «ազատագրենք», ցանկության դեպքում բնակիչները կարող են ապրել այնտեղ, մենք կվերահսկենք այդ գյուղերի անվտանգությունը»,- պարզաբանեց Տիգրան Արեգունին:
Ինչպիսի՞ն է բարոյահոգեբանական մթնոլորտը ՀՀ սահմանապահ շրջաններում: Պարզվում է, հաճախակիացող կրակահերթերի լուրերը մայրաքաղաքում խուճապ են առաջացնում, իսկ այ, սահմանապահ շրջաններում վտանգը մեծ է, սակայն խուճապ չկա: Զրուցակիցս նկատեց, որ այդ մարդիկ 20 տարուց ավելի պատերազմական իրավիճակում են, մի օր ակտիվ, մի օր պասիվ, բայց ամեն օր զգում են պատերազմը. «Նրանք քաղաքաբնակներից ուժեղ են, այդ տարածքում կոփվել են, թրծվել, ընկճվածություն կա միայն սոցիալական առումով: Մարդիկ չեն կարողանում երեկոյան տնից դուրս գալ, ցերեկը չեն կարողանում մշակել իրենց հողը (որովհետև այն կրակի տակ է), բերք ստանալ, չունեն եկամտի ոչ մի աղբյուր»:
Ինչ վերաբերում է բնակավայրերը լքելու խնդրին, զրուցակիցս ասաց, որ երբ խոսում են բնակիչների հետ, բոլորն ասում են` դուրս չենք գալու, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ տարեցտարի պակասում են, դպրոցի երեխաների թիվը կրճատվում է, այսինքն, դուրս գալու միտում, այնուամենայնիվ, կա: Տիգրան Արեգունին վստահ է, որ նրանք ստիպված են հեռանում, հնարավորության դեպքում հետ կգան, այնտեղ ապրողները բոլորը կառչած են իրենց հողին, գյուղին, հայրենիքին. «Մենք դիմել ենք համապատասխան մարմիններին: Պաշտպանության նախարարությունն իր պարտականությունները հնարավորության սահմաններում կատարում է, ակտիվացել է նաև կրթության և գիտության նախարարությունը: Զեղչվում են դասագրքերի վճարները, ուսանողների վարձավճարները: Հունվարից նոր օրենք է կիրառվում՝ այսուհետ սահմանամերձ շրջանների դպրոցները ֆինանսավորվելու են ոչ թե ըստ աշակերտների քանակի, այլ գործակցի, որպեսզի դպրոցները կարողանան հոգալ իրենց կարիքները, կոպիտ ասած` շնչել: Մշակույթի նախարարությունից որոշակի պատասխան չենք ստացել: Նրանք ասում են, որ մարզկենտրոններում իրականացնում են միջոցառումներ, բայց լավ կլիներ, որ դրանք անցկացվեին կոնկրետ սահմանին մոտ գյուղերում: Օրինակ, Բերդ քաղաքում մեղրի և հատապտուղների փառատոն անցկացրին, հարակից շրջաններից գալիս մասնակցում էին, բայց շատ գյուղերից մարդիկ հնարավորություն չունեն գալ-մասնակցելու»,- ասաց Տիգրան Արեգունին, նշելով, որ հեռավոր գյուղերում մարդիկ ամենաշատը մշակութային միջոցառումների, նաև պարզ շփման կարիք ունեն, բայց այդ շփումը պետք է մշակութային հենքի վրա լինի` միջոցառումներին զուգահեռ:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռության միջոցները սահմանափակ են: Ամենամյա դրամահավաքներ են հայտարարվում ֆեյսբուք սոցցանցում, մարդիկ դրամական փոխանցում են իրականացնում` սկսած 500 դրամից: Ամեն ամիս, ըստ հավաքված գումարի չափի, միջոցառում են կազմակերպում: Առաջիկայում սահմանապահ շրջաններ կայցելեն բարդերը: Սպասվում են հեղինակային երգի երեկոներ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. - Մեր զրույցից օրեր անց սահմանում իրավիճակը սրվեց: Ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծումից բեկորային մահացու վիրավորում ստացան զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը: Հակառակորդի կրակոցներից զոհվեցին նաև երեք կանայք` Բերդավան և Պառավաքար գյուղերից: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ստորագրահավաք սկսեց` պահանջով Երևանի տոնի համար նախատեսված գումարները գնդակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերին հատկացնելու: Նույն ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետը չեղյալ հայտարարեց մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանը սակայն, հակված է մտածելու, թե երևանցիները բարձր տրամադրությամբ նախապատրաստվում են մայրաքաղաքի ծննդյան տոնին: Պաշտոնական հայտարարություն չկա, բայց քաղաքապետարանի ներկայացուցչի ֆեյսբուքյան գրառումը դա է վկայում: